Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հաղորդել է, որ մայիսի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ վերլուծել են մոբիլիզացիային ռուսական կոնկրետ պաշտպանական ձեռնարկությունների պատրաստվածության մակարդակը:
«Միանգամայն ակնհայտ է, որ աշխարհում տիրող իրադրությունը խոսում է այն մասին, որ մենք պետք է պատրաստ լինենք գործողությունների ամենատարբեր սցենարների, եւ տարբեր տեսակի սպառնալիքներին դիմակայելուն պատրաստ լինելը կարեւոր զսպող գործոն է, որպեսզի այդպիսի սպառնալիքներն իրականությունն չդառնան»,- Ռոգոզինի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին:
«Մենք վերլուծեցինք կոնկրետ ձեռնարկությունների՝ մոբիլիզացիային պատրաստվածության վիճակի բոլոր առավելություններն ու թերությունները: Խնդրահարույց պահեր նկատեցինք, դրանց առնչությամբ նախագահին ներկայացվեցին Ռազարդյունաբերական հանձնաժողովի կոլեգիայի դիրքորոշումները»,- լրագրողներին ասել է փոխվարչապետը:
Ռոգոզինը նաեւ նշել է, որ, ամենայն հավանականությամբ, նոյեմբերին նոր նորմատիվ բազա կներկայացվի, որը թույլ կտա նվազագույն կորուստներով արձագանքել ցանկացած հակամարտության:





























