Ընտրական օրենգրքի փոփոխված տարբերակում ընդդիմության եւ քաղհասարակության  5 պահանջներից առնվազն 4-ը 80-90 տոկոսով բավարարված է։   Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

«Կարող ենք մեկ առ մեկ անցնել այդ առաջարկությունների վրայով եւ տեսնել, որ բավարարված է։ Կլինի կոնսենսուս, կասեն՝ այդ փոփոխությունները բավարարվում են գոնե մասամբ, եթե կասեն ոչ մի զիջում չի արել իշխանությունը, իրենց խնդիրն է»։

Ինչ վերաբերում է  ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությանը, որ կոնսենսուսից  է կախված ընտրական գործընթացներին միջազգային կառույցների ֆինանսավորումը, Վարդանյանը ասաց, որ միջազգային կառույցներն իրենց չափանիշներն ունեն, կոնսենսուսը էական չէ։

«Չեմ կարծում, որ դա կոնսենսուսից է կախված, դա հաճախ նաեւ շահարկվում է, միջազգային կառույցներն ունեն իրենց չափորոշիչները, իրենց գնահատականները, ես կարծում եմ՝ աջակցություն կլինի տարբեր կառույցների կողմից, բայց իհարկե, շատ լավ կլիներ, եթե մենք ունենայինք 100 տոկոսանոց կոնսենսուս։ Այլ բան է՝ եթե մենք ի սկզբանե կարողանայինք ոչ թե հակադրությունների ճանապարհով գնալ, այլ իսկապես փորձել 100 տոկոսանոց կոնսենսուս ապահովել, թերեւս այդ աջակցությունն էլ  կկրկնապատկվեր, բայց դա միակ պայմանը չէ»։

Հարցին՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո, որքանով կնվազի ընտրակաշառքի գործոնը, դաշնակցական պատգամավորը պատասխանեց․«Չեմ կարծում, որ ընտրական օրենսգրքի փոփոխությունը կազդի ընտրակաշառքի վրա, որովհետեւ դա Ընտրական օրենսգրքով չէր սահմանվում ու բացառվում, դրա համար ես առաջարկել եմ Դաշնակցության անունից ընտրությունից առաջ համաձայնագիր ստորագրել քաղաքական ուժերի միջեւ որով պարտավորվեն ե՛ւ կուսակցությունները, ե՛ւ տարածքային ցանկերում ընդգրկված թեկնածուները ընտրակաշառք չբաժանել»։