Ակնհայտ է, որ քառօրյա  պատերազմը սարսափելի ահազանգ եղավ իշխանությունենրի, պետության համար, որ այլեւս նման վիճակով ապրել ու երկիր կառավարել հնարավոր չէ։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց  տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանն՝ անդրադառնալով նախօրեին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ մենաշնորհների, կոռուպցիայի եւ կառավարության շռայլ ծախսերի դեմ պայքարի վերաբերյալ հայտարարությանը։

«Անկախ նրանից որ հասարակությունը տարիներ շարունակ ասում էր՝ սա վիճակ չի, երկիր չի, որեւէ մեկը նրան բանի տեղ դնող չկար, բնականաբար, իշխանությունը անում էր այն, ինչ բոլորս լավ գիտենք։  Եւ այս պարագայում արդեն քառօրյա պատերազմի արդյունքում իրենք եւս  հայտնվեցին այս ծանր իրավիճակում, որ սա հղի է վտանգներով հենց առաջին հերթին իրենց  համար։ Եւ այս  հայտարարությունը ես կուզենայի հենց այս կտրվածքով տեսնել»,-ասաց  Վարդան Բոստանջյանը։

Հարցին՝ կարծո՞ւմ է, որ կառավարությունը գործնական քայլեր կանի իր իսկ հայտարարության ուղղությամբ, պատասխանեց․

«Այդուհանդերձ խնդիրը մնում է հետեւյալ հարցը, իսկապես քայլեր անելու են այս իրավիճակը զսպելու, այս ամենին իդիմակայելու համար,  սա հասարակության գործը չի, սա իշխանության գործն է, ուրմեն կանի՝ կանի, չեն անի՝ ուշ թե շուտ կգան մարդիկ, ովքեր կանեն դա»։

Նախկին պատգամավորի կարծիքով՝ նման հայտարարությունների պահը հասունացել էր,  քանի որ  հանրապետությունը ծանր իրավիճակում է հայտնվել․

«Տնտեսությունը չի աշխատում, որեւէ ներդրումային ինստիտուտ չկա, արտաքին պարտքը բավականաչափ մեծացել է,  աղքատությունը մեծացել է, արտագաղթն էլ շարունակվում է, էս պարագայում ակնհայտորեն պետք է լիներ վարչապետի այդպիսի հայտարարություն, ավելին՝ վաղն ու մյուս օրը պետք է շարունակվեն  քայլերը»։

Դիտարկմանը, թե  անարդյունավետ ծախսերի դեմ պայքարի մասին բարձրաձայնող  բարձրաստիճանները, որոնք ունեն ուռճացված աշխատակազմ տասնյակ օգնականներով ու  խորհրդականներով, արդյո՞ք չպետք է առաջին  քայլերը սկսեն հենց իրենց աշխատասենյակից, արձագանքեց․ « Յուրաքանչյուր որոշում կայացնող առաջինը պետք է սկսի իրենից, հետո ամենամեծից»։