Հայաստանում շատ տղամարդիկ չեն ամուսնանում տնտեսական գործոնից ելնելով: Այս մասին այսօր` մայիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նրա խոսքով` տնտեսական գործոնից ելնելով` զույգերը խուսափում են շատ երեխա ունենալուց` եթե առաջ բողոքում էինք, որ երկու երեխա են ունենում, հիմա մեկից ավելի չեն էլ ունենում: 

«Բազմազավակ ընտանիքները հիմնականում գյուղերում են, իսկ քաղաքներում խուսափում են շատ երեխա ունենալուց, որովհետեւ սոցիալական, տնտեսական խնդիրներ ունեն: 30-40 տարեկանում ամուսնությունները նորմալ են դիտվում այժմ Հայաստանում, հասուն մարդկանց միությունն ավելի կայուն է, քան 20 տարեկանում ամուսնացածներինը»,-ասաց նա:

Հոգեբանի խոսքով, Եվրոպայում նույնասեռ ամուսնություններն ընդունելի են, սակայն, Հայաստանում նույնասեռ ամուսնությունները շարունակում են անընդունելի մնալ` ելնելով ազգային արժեքներից. «Եվրոպական պարտադրված օրենքները դեմոկրատիային հակասող բաներ են, այսօր նույնասեռ ամուսնություններն այդ երկրներում նորմալ, ընդունելի են: Մեր ազգի գոյատեւման համար էլ կարող է դա ճակատագրական լինել, օրինակ` Չինաստանի համար հնարավոր է նորմալ է, որովհետեւ նրանք գոյատեւման խնդիր չունեն, սերունդի շարունակության խնդիր չունեն: Իսկ մեզ համար դա եւ անընդունելի է եւ կարող է ազդել մեր ազգի շարունակությանը»: