Հայաստանում տնտեսական, սոցիալական  ծանր վիճակը, հատկապես, քառօրյա պատերազմից հետո, հասարակության շրջանում ագրեսիվության մակարդակի բարձրացման է բերել: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը՝ նշելով, որ այդ ագրեսիվությունը հասարակության շրջանում հիմնականում լիցքաթափվում է տարբեր բողոքի ակցիաներ, հանրահավաքներ իրականացնելու տեսքով:

Հարցին, արդյոք երկրում ստեղծված ծանր տնտեսական, սոցիալական պայմանների հետեւանքով է, որ վերջին օրերին ավելացել են սպանությունները, հոգեբանը պատասխանեց, որ դրանք հանցավոր աշխարհի ներկայացուցիչներն են հիմնականում կատարում եւ շատ հազվադեպ է պատահում, երբ հանցավոր ագրեսիվության պատճառով տեղի են ունենում սպանություններ:

«Հայաստանում հանցավոր ագրեսիվության դրսեւորում է նկատվում, սակայն,  այն շատ հազվադեպ է լիցքաթափվում սպանությունների ձեւով:  Վերջին օրերին տեղի ունեցած սպանությունները պատահականություններ են եւ կապել դրանք երկրում ստեղծված ծանր տնտեսական ու սոցիալական վատ պայմանների հետ, սխալ կլինի»,-ասաց նա: