Ադրբեջանական բանկերի կողմից բնակչությանը վաճառվող մաքուր դոլարային արժույթի ծավալը 55 անգամ կրճատվել է՝ կազմելով 79 մլն դոլար, ասվում է 2016-ի առաջին եռամսյակի արդյունքներով դրամային քաղաքականության մասին Ադրբեջանի ԿԲ-ի զեկույցում:
Ադրբեջանի ԿԲ-ն 2015-ի փետրվարի 16-ից հրաժարվել է մանաթը դոլարին ամրակցելուց ու անցել է երկարժույթ ( դոլարի ու եվրոյի) զամբյուղի հիման վրա փոխարժեքի ձեւավորմանը: Դրանից հետո մինչեւ դեկտեմբերի 19-ը մանաթը արժեզրկվել է 25 տոկոսով: Իսկ երբ ԿԲ-ն դեկտեմբերի 21-ին որոշեց անցնել լողող փոխարժեքի, բորսային դրույքները եւս 33 տոկոսով արժեզրկվեցին: Ընդհանուր առմամբ ադրբեջանական ազգային տարադրամը էժանացավ գրեթե 50 տոկոսով:
Ըստ ԿԲ զեկույցի՝ 2016-ի հունվար- մարտ ամիսներին Ադրբեջանի արժութային շուկայում գործարքների 82 տոկոսը դոլարով է իրականացվել: Անցած տարվա նույն ժամանկահատվածի համեմատ՝ դոլարով գործարքների ծավալը կրճատվել է 2.8 անգամ, իսկ եվրոյով՝ 2.7 անգամ: Ընդհանուր առմամբ 2015 –ի հունվար-մարտ ամիսների համեմատ Ադրբեջանի արժութային շուկայի ծավալը կտրուկ կրճատվել է, ինչը զեկույցի հեղինակները բացատրում են առաջարկի ու պահանջարկի գործոններով:
«Արտարժույթի պահանջարկի նվազման հիմնական պատճառներից մեկն է դարձել ապրանքների ու ծառայությունների ներմուծման ծավալի նվազումը: Բացի դրանից, առաջին եռամսյակում դոլարիզացիայի գործընթացի դանդաղումը նույնպես անդադարձել է արտարժույթի պահանջարկի նվազման վրա»,- ասվում է զեկույցում:




























