ԼՂՀ ճանաչումը տվյալ փուլում կարող է միայն հակառակ էֆեկտն ունենալ: Այս մասին մայիսի 16-ին ԱԺ-ում հայտնել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ԼՂՀ ճանաչման մասին պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի ու Հրանտ Բագրատյանի օրինագիծը լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցի շուրջ քննարկումների ժամանակ:

«Մենք ի սկզբանե՝ 1988-ից սկսած կողմ էինք ԼՂՀ ինքնորոշմանը: Երբ մենք վստահ կլինենք, որ մեր ձայնը չի խանգարի Ղարաբաղի միջազգային ճանաչմանը, այդ ժամանակ էլ ամեն կերպ կնպաստենք: Բայց քանի որ մենք վստահ չենք դրանում, այլ հակառակում ենք վստահ, չենք մասնակցի քվեարկությանը»,- նշել է Զուրաբյանը:

«Մենք միշտ ինչ որ արել ենք, արել ենք այն ուղղությամբ, որ ինչքան հնարավոր է մոտեցնենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը: Եւ ես կարծում եմ, որ Բուդապեշտի 1994-ի գագաթնաժողովը ինչ-որ իմաստով կարելի  է համարել այդ ջանքերի գագաթը, երբ որ ԼՂՀ-ն ճանաչվեց հակամարտության կողմ, որը դեպի միջազգային մեծ ճանաչում բավականին մեծ քայլ է»,-արդեն լրագրողների հետ զրույցում նշեց Զուրաբյանը:

Նա ընդգծեց, որ ՀԱԿ-ի նպատակը այն է, որ հասնենք ԼՂՀ  միջազգային  ճանաչման. «Ցանկացած քայլ պետք է գնահատենք, չափենք այդ կոնտեքստում: Եթե մենք քայլ ենք անում, որով խոչընդոտում ենք միջազգային ճանաչմանը, բնականաբար, նման քայլ անելը անհեթեթություն է»:

Զուրաբյանը հիշեցրեց Կոսովոյի օրինակը՝ նշելով. «Ալբանիային արգելեցին ճանաչել Կոսովոյի անկախությունը՝ ասելով, որ դա կխանգարի միջազգային ճանաչման գործընթացին: Այսինք՝ գերտերությունները՝  Միացյալ նահանգները եւ Եվրոպական միությունը ասեցին՝ դա ձեր գործը չէ, թույլ տվեք մենք առաջինը անենք: Ես վստահեցնում եմ, եթե ժամանակի Ալբանիան առաջ ընկնելով՝ ճանաչեր Կոսովոյի անկախությունը, կարող է մինչեւ հիմա նրա անկախությունը ճանաչած  չլինեին եւ լրիվ այլ ընթացք կարող էր լինել: Պետք է հասկանալ մի բան.  մինչեւ մենք չունենանք գերտերությունների աջակցությունը այս հարցում, նման քայլը կընկալվի որպես միակողմանի, տարածաշրջանին անվտանգությանը սպառնացող քայլ»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն մայիսի 16-ին լիագումար նիստերի օրակարգում չի ընդգրկել երկու ընդդիմադիր պատգամավորների օրինագիծը ԼՂՀ անկախության ճանաչման մասին: «Կողմ» են քվեարկել 12 պատգամավորներ, մնացածը պարզապես չեն մասնակցել քվեարկությանը: