Հայաստանը պետք է կրճատի նախարարությունների թիվը: Այս մասին մայիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Երեւանի նախկին քաղաքապետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը:

Անդրադառնալով բյուջետային անարդյունավետ ծախսերին, նա շեշտել է, որ երկրին միանշանակ պետք չեն սփյուռքի, սպորտի ու երիտասարդության հարցերով ու էկոնոմիկայի նախարարություններ: «Էկոնոմիկայի նախարարությունը դրա ներկայիս ձեւով մեզ պետք չէ: Սփյուռքի նախարարությունը կարող է մտնել Արտգործնախարարության կազմի մեջ, իսկ Սպորտի ու երիտասարդության հարցերով նախարարությունը՝ Մշակույթի նախարարության: Բայց ես կարծում եմ, որ անհրաժեշտ է տարանջատել Կրթության ու գիտության նախարարությունները»,- նկատել է Խաչատրյանը՝ միաժամանակ հավելելով, որ Հայաստանին պետք է շատ ուժեղ Բնապահպանության նախարարություն:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հայտնել է որ անհրաժեշտ է կրճատել պետական ապարատը ու միջոցներն ուղղել պաշտպանունակության բարձրացմանը: