ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Աշոտ Ա.-ն հայտնել է ՀՀ քրեակատարողական վարչության ծառայողների կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
ՀՔԾ-ից NEWS.am_ին հայտնում են, որ մասնավորապես՝ հիշյալ հիմնարկի դատապարտյալ Աշոտ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի ընթացքում ՀՀ քրեակատարողական վարչության ծառայողները, առանց իրեն համապատասխան բժշկական հետազոտությունների ենթարկելու, իր հիվանդությունների վերաբերյալ կազմել են հիվանդության կեղծ պատմագիր, որի հիման վրա բժշկական աշխատանքային հանձնաժողովը որոշում է կայացրել այն մասին, որ իր հիվանդությունները չեն դասվում պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների շարքին:
Բացի այդ, 2015 թվականի հոկտեմբերին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում իր մոտ ախտորոշվել է «ոսկորների դեֆորմացիա» հիվանդությունը, սակայն, առանց համապատասխան բուժման, բուժող բժիշկն իրեն ներկայացրել է բժշկական աշխատանքային հանձնաժողով, որի որոշմամբ էլ ինքը դուրս է գրվել հիշյալ քրեակատարողական հիմնարկից:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից առերեւույթ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ եւ 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:



























