Հայաստանում կոռուպցիայի մասին Եվրամիության պատվիրակության ղեկավարի հայտարարությունը պայմանավորված է նրանով, որ նրանք նույնպես արդեն հոգնել են խոստումներից: Այս մասին հայտնել է տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հայտարարությանն այն մասին, որ կոռուպցիայի դեմ պայքարում տեսանելի արդյունքների բացակայության դեպքում Բրյուսելը Երեւանին չի հատկացնի նախատեսված 15 մլն եվրոն:
Խաչատրյանի խոսքով,այս տեսակետից վերջին կաթիլը դարձավ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն: «Որպես Հայաստանի քաղաքացի՝ ես չէի ցանկանա, որ որեւէ պաշտոնատար դեմք իմ երկրում նման հայտարարություններով հանդես գար: Բայց դա պայմանավորված է Հայաստանում կառավարման ներկա համակարգով»,-շեշտել է ընդդիմադիրը: Իրականում, շարունակել է նա, երկար տարիներ Հայաստանին լուրջ գումարներ են հատկացվել կոռուպցիայի դեմ պայքարի համար: «Բայց եթե առաջ կոռուպցիան մեր երկրում տեղային կամ լոկալ բնույթի էր, ապա հիմա այն համակարգային է դարձել»,- հավելել է Վահագն Խաչատրյանը:





























