Այս վիճակում, երբ պատերազմական գործողություններ են կամ կա դրանց վտանգը, հարմար չենք համարում քննադատել, մեկնաբանել, խորհուրդներ տալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ անդրադառնալով Վիեննայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի սպասվող հանդիպումներին:

«Ի վերջո, իրավիճակին տիրապետում է իշխանությունը, ռեսուրսներին նույնպես: Բազմաթիվ անհայտներ կան, որոնց ընդդիմությունը չի տիրապետում եւ չի էլ կարող տիրապետել: Այս վիճակում զերծ կմնանք որեւէ քննադատությունից ու խորհուրդներից»,-ասաց նա՝ հավելելով. «Կարծես՝ լուրջ կազմ է հավաքված, ԱԳ նախարարներ են եկել, եւ դա հուշում է, որ միջազգային հանրության  կողմից կա ինչ-որ վճռականություն, որ ինչ-որ ձեւով կարգավորվի իրավիճակը: Մենք գիտենք միայն, որ այս պահին աշխարհը վճռականորեն է տրամադրված հատկապես քառօրյա պատերազմից հետո»:

Հարցին, թե ՀԱԿ-ը կիսո՞ւմ է Սերժ Սարգսյանի առաջ քաշած 3 պայմանները՝ ԼՂ բանակցային գործընթացի վերսկսման համար, Զուրաբյանը պատասխանեց. «Իհարկե, դրա մասին Տեր-Պետրոսյանն էլ է խոսել: ԱՄՆ դեսպանի հետ Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման մասին մեր մամուլի հաղորդագրությունում էլ հրապարակվել են նրա մոտեցումները»:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցային գործընթացի վերսկսման համար երեք քայլ է առանձնացրել՝ հետաքննության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ եւ երաշխիքները, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի եւ ահաբեկչության Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ:

Խոսակցություններ կան, որ այդ օրը Վիեննայում կկայանա Սարգսյան- Ալիեւ հանդիպում, որին կմասնակցեն նաեւ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները: