Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում մայիսի 15-ին երեկոյան տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակահարված, 25-ամյա Էդգար Բաբայանի վիճակը ծանր է, վնասվել է լյարդը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որտեղ գտնվում է վիրավորը:
Էդգար Բաբայանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում: Նրա եղբայրը՝ 30-ամյա Արթուր Բաբայանը, դեռեւս Վայքի հիվանդանոցում է: Այնտեղից մեզ հայտնեցին, որ Արթուրի վիճակը լավ է, թեթեւ վնասվածք է ստացել եւ Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն չկա:
Նշենք, որ վիրավորներից երկուսին՝ 26-ամյա Սուրիկ Հարությունյանին ու 23-ամյա Լյուդվիգ Գրիգորյանին, որոնք դեպքից անմիջապես հետո Եղեգնաձորի ԲԿ էին տեղափոխվել, այժմ Երեւանում են:
Հիշեցնենք, որ Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու ճամփեզրին գտնվող նախկին ավտոկայանի տարածքում մայիսի 15-ին ուշ երեկոյան վիճաբանություն է տեղի ունեցել, որին հետեւել է դանակահարություն: Դանակահարության հետեւանքով Սամվել Հովակիմյանը հիվանդանոցում մահացել է, իսկ 4 երիտասարդ էլ տեղափոխվել են Եղեգնաձորի եւ Վայքի բժշկական կենտրոններ: Սպանված երիտասարդի հայրը նույնպես վնասվածք է ստացել, սակայն հիվանդանոց չի դիմել:
Կատարվում է քննություն: Հանգամանքները պարզվում են:



























