Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա դստեր մահվան գործն այսօր՝ մայիսի 16-ին, ուղարկվել է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ Մերի Մարգարյանը մահացել է կեսարյան հատումից հետո՝ «HELLP» սինդրոմ համախտանիշի թոքաբորբ ախտորոշմամբ, «Էրեբունի» բժշկական կենտրոնում, 2015 թվականի հուլիսի 29-ին, իսկ հաջորդ օրը մահացել է նաեւ վերջինիս նորածին դուստրը:
Քննությամբ պարզվել է, որ ծննդկանը «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնից, քննիչի որոշմամբ նշված կենտրոնից առգրավվել են Մերի Մարգարյանի տվյալներով լրացված հիվանդության պատմագիրը եւ հղիության քարտը, զննության են ենթարկվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնի ընդունարանի, գինեկոլոգիական հիվանդների, սոմատիկ հիվանդների եւ ընդունարանի մերժման մատյանները:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզաբանելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, կատարվել մի շարք այլ քննչական գործողություններ։
Նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ Մ.Մարգարյանի հղիությունը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել եւ վարել մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը: Վերջինս 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։
2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն՝ հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել են արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:
Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել նաեւ նշված ԲԿ-ի՝ 2015 թվականի հուլիսի 25-ի հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանի կողմից մասնագիտական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունք է դրսեւորելու վերաբերյալ։
Ապացույցների համակցությամբ՝ մանկաբարձ-գինեկոլոգներ Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:



























