Երեւանում տարածքների ընդլայնմանը զուգահեռ այս տարիների ընթացքում կանաչապատման ձեռնարկություններում մոտ 150 նոր աշխատատեղեր են ավելացել։ Այդ մասին ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երեւանի քաղաքային ջերմատուն կատարած աշխատանքային այցի շրջանակում։

Տվյալ ձեռնարկություններում այսօր աշխատում են շուրջ  650  աշխատակիցներ, հունիս-հոկտեմբեր ամիսներին էլ ներգրավվում են լրացուցիչ եւս 100 ժամանակավոր աշխատակիցներ:

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել բոլոր այդ մարդկանց, ովքեր իրենց իսկապես ծանր աշխատանքով անում են առավելագույնը, որպեսզի մեր բոլորի մեծ տունը միշտ ունենա հաճելի, կոկիկ եւ ներկայանալի տեսք»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Քաղաքապետը խոսել է նաեւ կանաչապատման հարցում բազմաթիվ տնտեսվարողների բարեխիղճ աշխատանքի եւ համագործակցության կարեւորության մասին: