Առկա են բոլոր շանսերը սիրիական ճգնաժամը փակուղուց դուրս բերելու եւ քաղաքական կարգավորման անցնելու: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` ելույթ ունենալով բելառուս երիտասարդության առաջ: 

«Մենք դեռ բոլորովին էլ ճանապարհի վերջում չենք, չափից շատ աշխատանք կա, ասել է ՌԴ արտգործնախարարը: Բայց եթե   ազնվորեն անենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք ՍԱՄԽ-ի  (Սիրիային աջակցության միջազգային խումբ, խմբ.) եւ ՄԱԿ ԱԽ-ի շրջանակում, բոլոր շանսերը կան իրավիճակը ներկա վիճակից դուրս բերելու: 

Սիրիայում Ռուսաստանի ՌՕՈՒ-ի գործողությունները բարելավել են իրավիճակը տարածաշրջանում, բայց դեռ պետք է պայքարել ահաբեկչության դեմ, հայտնել է Լավրովը: 

Միաժամանակ, ընդգծել է ՌԴ արտգործնախարարը, ահաբեկչության դեմ  «դեռեւս բարդ պայքար պետք է մղվի»: «Այդ պատճառով այժմ մենք ասում ենք, որ անհրաժեշտ է ցորենը որոմից տարանջատել եւ տեսնել գլխավորը, ինչպես որ ժամանակին տեսանք նացիզմը եւ ֆաշիզմը...», - հավելել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լավրովը ուսանողներին նաեւ պատմել է ահաբեկչական   «Իսլամական պետություն» խմբավորման գլխավոր ուժի մասին, հայտնում է Sputnik Բելառուսը:

«Անկասկած աջակցություն կա ԻԼԻՊ-ին հարեւան ուժերի կողմից, իսկ կազմակերպության ուժն այն է, որ այն ոչ միայն ամբողջ աշխարհի վրա վախ է տարածում, այլեւս քվազիպետություն է ստեղծում: ԻԼԻՊ-ի նպատակը` խալիֆայություն  Պորտուգալիայից մինչեւ Պակիստան, շատ վտանգավոր է: Նրանք կարողանում են նոր կողմնակիցներ հավաքագրել», — ասել է Լավրովը: