Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը չափազանց դժգոհ է լրատվամիջոցներից, որոնք հանձնաժողովի վերջնական զեկույցը ներկայացնելուց ամիսներ առաջ արդեն փնովում են այդ զեկույցը եւ նշում, թե զեկույցը օբյեկտիվ չի լինելու:

Եւ իր նեղացածությունը լրատվամիջոցներից ցուցադրելու համար հանձնաժողովի նախագահն այսօր հանձնաժողովի նիստ էր հրավիրել՝ առաջինը վերջին մի քանի ամիսների ընթացքում, թեեւ Նիկոյանը նշեց, որ մեկ շաբաթ առաջ աշխատանքային քննարկում է եղել, որի մասին, սակայն, լրագրողները տեղյակ չեն եղել: «Զեկույցը դեռ քննարկման փուլում է: Դեռ չսկսված արդեն գնահատական են տալիս, թե վատն է եւ այլն, եւ այլն»,- նշեց Նիկոյանը: Վերջինս նաեւ ներկայացրեց այն կոնկրետ մեղադրանքները, որ մամուլի էջերում հնչում են հանձնաժողովի հասցեին.

ա)Հանձնաժողովի անդամները չեն աշխատում, աշխատում է միայն նախագահը:

բ) Հանձնաժողովի նախագահը թաքցնում է նյութերը մյուս անդամներից:

գ) Հանձնաժողովի վերջնական զեկույցը գրվում է դատախազությունում:

դ) Հանձնաժողովի վերջնական զեկույցը գրվում է նախագահականում:

ե) Հանձնաժողովի վերջնական զեկույցը գրում են նախաքննական մարմնի քննիչները:

«Դա սեւ PR է մեր հանձնաժողովի հասցեին»,- արձանագրեց Նիկոյանը՝ փորձելով ներկա լրագրողներին համոզել, թե զեկույցը լինելու է շատ օբյեկտիվ: Ինչին Հանձնաժողվի անդամ Գուրգեն Արսենյանը պատասխանեց, որ «զեկույցի նկատմամբ վերաբերմունքը լինելու է այնպիսին, ինչպիսին մարտի 1-ի նկատմամբ է: Մի մասը վատ է գնահատում իշխանությունների գործողությունները, մի մասը լավ»: Ինչեւէ հանձնաժողովն այդպես էլ չհերքեց առաջադրված մեղադրանքները, այլ որոշեց բանի տեղ չդնել դրանք:

Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը ցրեց Ազատության հրապարակում 10 օր խաղաղ ցույց անող ընդդիմության ակտիվիստներին, իսկ երեկոյան արդեն զենք կիրառվեց ցուցարարների նկատմամբ, ինչի արդյունքնում զոհվեց 10 հոգի: Ստեղծված ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը առաջիկայում Ազգային ժողվի դատին է ներկայացնելու իր վերջնական զեկույցը, որում, սակայն, այդպես էլ վեր չեն հանվել զոհերի մահվան հանգամանքները: