ՀՀ ոստիկանության նախկին ծառայող Հրաչյա Ֆ.-ն, ուրիշի գույքը ավազակությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Էդգար Մ.-ի հետ, 2016 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 04:25-ի սահմաններում, բաց պատուհանից ապօրինի մուտք են գործել քաղաքացի Լեւոն Ա.-ի տուն եւ որպես զենք հանդիսացող ատրճանակի ու դանակի գործադրմամբ հարձակվել են Լեւոն Ա.-ի, Դավիթ Ա.-ի, Անուշ Ա.-ի եւ Սամվել Հ.-ի վրա՝ վերջիններիս պատճառելով մարմնական վնասվածքներ:

ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տանտերերը դիմադրություն են ցույց տվել, ինչի արդյունքում ավազակային հարձակում կատարած Հրաչյա Ֆ.-ն ստացած վնասվածքներից մահացել է, իսկ Էդգար Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է: