Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 80-ամյա Սարգիս Սարգսյանի անհետ կորելու դեպքի առթիվ, եւ միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 00:15-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ 2016 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, 1936 թվականին ծնված Ս.Սարգսյանը դուրս է եկել իր բնակարանից եւ չի վերադարձել:
Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
1936 թվականին ծնված Երեւան քաղաքի բնակիչ Սարգիս Նիկոլայի Սարգսյանն ունի մոտ 185 սմ հասակ, միջին կազմվածք, փոքր-ինչ նիհարավուն դեմք։ Ալեհեր տղամարդու ձախ թեւի ուսի հատվածում առկա է դաջված խաչ: Տանից դուրս գալու օրը՝ ապրիլի 24-ին, նրա հագին եղել է կապույտ ջինսե բաճկոն, սեւ ջինսե տաբատ, մուգ գույնի վերնաշապիկ, սպիտակավուն կոշիկներ:
Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին:



























