Վիեննայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո կարող ենք խոսել բանակցային գործընթացի «վերակենդանացման» մասին։ Այս մասին մայիսի 17-ին՝ «Վիեննայում նախագահների մակարդակով հանդիպումը. կլինի՞ արդյոք առաջընթաց բանակցային գործընթացում» թեմայով Երեւան-Բաքու հեռուստակամուրջի ժամանակ, ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Քաղաքագետի խոսքով՝ մենք ունենք խոստումներ, որ նախագահների մակարդակով բանակցությունները շարունակվելու են։ «Մենք տեսնում ենք, որ ձեռնարկվում են բռնության նոր լուրջ բռնկումների ռիսկը նվազեցնելու փորձեր։ Իհարկե, հայկական եւ ադրբեջանական կողմերի միջեւ վստահության մասին խոսելը մեղմ ասած բավական բարդ է, իրական վստահություն չկա։ Չեմ կարծում, որ հանկարծ կդադարեն սահմանին կրակել։ Բայց Մինսկի գործընթացը դրան սովոր է»,- ասել է Իսկանդարյանը։