Շփման գծում մշտադիտարկման մեխանիզմները կանխարգելիչ դեր կարող են ունենալ, բայց դա չի կարող լինել բացարձակ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն` անդրադառնալով  Վիեննայում Սերժ Սարգսյան-Ալիեւ հանդիպմանը:

Նրա խոսքով, որեւէ հրճվանք  անտեղի է որեւէ մեկի կողմից, որովհետեւ սա շատ նուրբ գործընթաց է, որի մասին կարելի է դատել արդյունքներով եւ ոչ թե հայտարարություններով կամ հռչակված մտադրություններով: «Ողջունելի է այն հանգամանքը, որ  Մինսկի խմբի համանախագահները, Եվրոպական միությունը` ի դեմս Մոգերինիի, բոլորը կարծես հասկացել են` ինչքան պայթյունավտանգ է իրավիճակը, որ սա կարող է դառնալ լուրջ մի նոր հրդեհ»,-ասաց  Զուրաբյանը:

 Ընդդիմադիր գործիչը դժվարանում է ասել` ինչի է հանգեցնելու սկսած  գործընթացը:

«Արդյոք մշտադիտարկումը բերելու է զինադադարի ամրապնդմանը, ԵԱՀԿ մշտադիտարկող առաքելության ընդլայնմանը, արդյոք դա նաեւ նշանակում է  խաղաղ կարգավորման ավելի խորը պլան,  դեռ չգիտենք: Ինչ-որ ակնարկներ կան, որ սա առաջին էտապն է, իսկ երկրորդը խաղաղ կարգավորման պլանն է: Այս ամբողջ գործընթացը գնահատելու համար պետք է հետեւել բավականին երկար ժամանակ եւգնահատել բոլոր փուլերով: Ուղղակի լուրջ չի ինչ-որ մի փուլի հայտարարությունները համարել լուրջ հաջողություն կամ  վերլուծել իրավիճակը»:

Ըստ նրա` սահմանին մշտադիտարկման մեխանիզմներ տեղադրելը նշանակում է ,որ կողմերը պատասխանատվություն են կրում  գնահատականներ տալու հարցում, քանի որ տեղեկությունը ստուգվող է եւ բոլոր կողմերին է հասանելի:

«Այդ ինֆորմացիայով մանիպուլացիաներ հնարավոր չեն: Եթե դա հաջողվի անել, իհարկե դա կլինի մեծ առաջընթաց,  բայց  արվել են հայտարարություններ, ընդամենը կամ պայմանավորվածությունների մասին հայտարարություններ, որոնց արդյունավետության մասին կարելի է  եզրակացություն անել միայն որոշ ժամանակ անց, երբ մենք տեսնում ենք, որ այդ հայտարարությունները դարձել են իրողություն»:

Հարցին` արդյոք Ադրբեջանը  կարող է սաստվել  այդ հայտարարություններից եւ սահմանի լարվածությունը նվազի, Զուրաբյանը պատասխանեց. «Անգամ եթե մշտադիտարկում ու ամրապնդված զինադադար լինի, այդ բոլորը չեն կարող համարվել բավարար երաշխիք հակամարտության վերսկսման դեմ, ակնհայտ է, որ հակամարտության պատճառները շատ ավելի լուրջ են, եւ զարգացումները շատ ավելի խորքային են,  կոնկրետ կապված նրա հետ, որ Ադրբեջանը նավթադոլարները վերածել է սպառազինությունների, ձեռք է բերել ռազմական մի մակարդակ, որը ցանկանում է օգտագործել բանակցություններում իր դիրքերը փոխելու կամ Ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու նպատակով: Այսինքն` մշտադիտարկման  մեխանիզմները կանխարգելիչ դեր կարող են ունենալ, բայց դա չի կարող լինել բացարձակ»,-ասաց նա: