ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ժամանակին իր կուսակցության հետ ստորագրել է 12 կետանոց փաստաթուղթ, որոնցից մեկով պահանջում էր հակամենաշնորհային օրենսդրության ընդունում եւ մենաշնորհների վերացում. ի՞նչ նկատի ուներ այդ ժամանակ նա: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսպիսի հարցադրում է հնչեցրել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն` անդրադառանալով Էկոնոմիկայի նախարարության այն հայտարարությանը, թե եթե քաղաքացիները, լրագրողները գիտեն մենաշնորհների դեպքերի մասին, թող տեղեկացնեն նախարարությանը:
«Որոշ հայտարարություններ արվեցին նոր նախարարի կողմից, որ ցույց տվեք ինձ մենաշնորհներ, այս դեպքում դուք` լրագրողներդ կարող եք հակադարձել իրեն` ասելով, որ ժամանակին ձեր կուսակցության կողմից ստորագրել եք 12 կետերը, որոնցից մեկը պահանջում էր մենաշնորհների վերացում: Ի՞նչ նկատի ուներ էդ ժամանակ: Այն ժամանակ տեսնո՞ւմ էիք մենաշնորհները, ի՞նչն է հիմա ազդել ձեր տեսողության որակի վրա, կամ միգուցե այն ժամանակվանից մինչեւ հիմա իրավիճա՞կ է փոխվել, մենաշնորհներ այլեւս չկա՞ն»,-նշեց Զուրաբյանը:





























