Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործով այսօր` մայիսի 17-ին, հարցաքննվել է դեպքից մի քանի ժամ առաջ սպանվածի տանն եղած վկան: NEWS.am-ի հետ զրույցում գործով ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանի փաստաբանը նշեց, որ վկա Մարիամ Մաթեւոսյանը Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում պատմել է, որ այդ օրը գնացել է Անի Մաջնունյանի տուն, շուրջ մեկ ժամ նրա տանը մնալուց հետո, տեսել է, որ Մուշեղը հյուր է գնացել Անիի տուն եւ ինքը դուրս է եկել:
«Շուրջ մեկ ժամ մնալու ընթացքում ընդհանուր ինչ-որ հարցերից են խոսել, հետո տասնմեկին մոտ Մուշեղն ա մտել, ինքը մի քանի րոպեից դուրս է եկել, որովհետեւ իրեն թվացել ա, որ Անին ու Մուշեղը խոսելու բան ունեն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:
Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը:



























