Մայիսի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որի  ընթացքում համաձայն ՀՀ կառավարության հանձնարարականի քննարկվել են պետական միջոցների եւ կադրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ու օպտիմալացման, պետական ծախսերի տնտեսման անհրաժեշտությունը:

Նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային զարգացումների համատեքստում  պաշտպանական բարեփոխումների շարունակական իրականացումն այլընտրանք չունի:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կարեւորել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Հաշվի առնելով նախկինում կատարված արդյունավետ աշխատանքի հսկայական փորձը, բարեփոխումները կշարունակվեն այդ հիմքի վրա: Մասնավորապես բարեվարքության ամրապնդում, կադրային ու ծախսային քաղաքականության գործընթացի բարելավում, այդ ուղղությամբ իրականացվող միջոցառումների արդյունավետության բարձրացում, բյուջետային միջոցների արդյունավետ պլանավորում ու կառավարում: Ինչպես նաեւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման եւ ողջ գործընթացի խիստ վերահսկման անհրաժեշտությունը: