Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով նոր փորձաքննություն է նշանակվել:

NEWS.am-ի թղթակցին գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը հայտնեց, որ նշանակվել է լրացուցիչ հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն:

Նշենք, որ այս փորձաքննությամբ պարզ կդառնա, թե արդյոք ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ մեղավորություն ունեն ծննդատան վարիչ Աշոտ Սիրունյանը, տնօրենի բուժգծով տեղակալ Դավիթ Մխիթարյանը, հուլիսի 26-ին հերթապահ բժիշկ Տիգրան Սարգսյանն ու ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի գործից մի մասն արդեն առանձնացվել եւ ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան:

Ըստ մեղադրական եզրակացության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ- գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը, հանդիսանալով բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող անձ, 2015թ. փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել եւ վարել Մերի Վաղինակի Մարգարյանի հղիությունը: Բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ, «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն` պարտավոր լինելով Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաեւ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական եւ որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետեւ` նորածնի մահը:

«Շենգավիթ» ԲԿ-ի մյուս գինեկոլոգ- մանկաբարձ Անի Բաբելյանն էլ 2015թ. հուլիսի 25-ին բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպելու ժամանակ պարտավոր է եղել Մերի Մարգարյանին ցուցաբերել անհետաձգելի, առաջին բժշկական օգնություն` անկախ այդ օգնության դիմաց վարձատրությունը երաշխավորող հիմքերի եւ այլ հանգամանքների առկայությունից, ինչպես նաեւ ապահովել ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական եւ որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով դրանք իրականացրել է ոչ պատշաճ, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի` Մերի Մարգարյանի, այնուհետեւ` նորածնի մահը:

Բախշյանին եւ Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանին նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Դատավորն է Դավիթ Բալայանը:

Նշենք, որ Դավիթ Բալայանը 2005-2015 թթ. զբաղեցրել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը: 2015 թվականի փետրվարի 7-ի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ։