2014 թ. հունիսի 7-ին Երեւանի Շենգավիթ համայնքում իրենց տանը 65-ամյա մորն սպանելու մեջ մեղադրվող 45-ամյա Սամվել Դարբինյանը դատապարտվեց 8 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Դարբինյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 17-ին, Դարբինյանին առաջադրված մեղադրանքը վերաորակեց Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նշանակեց առավել մեղմ պատիժ:

Ի սկզբանե Դարբինյանին մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով: Սամվել Դարբինյանը ճանաչվել է մեղսունակ: Մեղադրողը նրա համար 12 տարվա ազատազրկում էր պահանջել։

Ըստ մեղադրանքի՝ Սամվել Դարբինյանը բնակվել է մոր հետ նույն բնակարանում եւ, ցավագին ընդունելով իր խմելու վերաբերյալ մոր դիտողությունները, խմած վիճաբանել է նրա հետ ու դիտավորությամբ բութ, կոշտ առարկաներով բազմաթիվ հարվածներ հասցրել մոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար ծանր մարմնական վնասվածքներ, սպանել նրան: