2016 թվականին Հայաստանի տնտեսական աճը կարող է գերազանցել 2015-ի ցուցանիշը: Այս մասին մայիսի 18-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

Նա հիշեցրեց, որ 2015 թվականին տնտեսական աճը՝ 3.2%, գերազանցեց կառավարության կանխատեսած 2.2%-ի ցուցանիշը, որը դրված էր 2015-ի պետբյուջեի հիմքում: Իսկ միջազգային կազմակերպությունները նույնիսկ Հայաստանի տնտեսության անկում էին կանխատեսում: Բայց նման բան տեղի չունեցավ, իսկ 2016 թվականին աճ է ակնկալվում, եւ չի բացառվում, որ այն ավելին կլինի:

Վաչե Գաբրիելյանը հավելեց, որ նաեւ 2017 թվականի աճի նախադրյալներ կան: Ավելի մանրամասն գնահատականներ կտրվեն հուլիսին, Կառավարության  միջնաժամկետ ծախսերի ծրագրում: