Ջավախքում ադրբեջանցիների հետ մեկ այլ ադրբեջանցու առեւանգելու մեղադրանքով կալանավորվել է Ջավախքի Փարվանա գյուղի բնակիչ 56-ամյա Խաչիկ Առաքելյանը: NEWS.am-ի հետ զրույցում Փարվանայի բնակիչներից մեկը պատմեց, որ Խաչիկ Առաքելյանը իր տանը հյուրընկալել է երկու ադրբեջանցու, որոնց ճանաչել է տարիներ առաջ, երբ նրանք ամռանը Փարվանա լճի տարածքում «բինաներ» են դրել՝ արոտավայրերում իրենց անասուններին ժամանակավորապես պահելու համար:
Խաչիկ Առաքելյանն իր հին տունը ժամանակավորապես հատկացրել է այդ ադրբեջանցիներին, որոնց միացել են եւս երկուսը: Մի քանի ամիս առաջ էլ, երբ ադրբեջանցի ծանոթները ալկոհոլի ազդեցության տակ են եղել, նրանք Խաչիկին պատմել են, որ իրենց հետ եղած ադրբեջանցիներից մեկին գերի են վերցրել՝ հարազատներից 200 հազար դոլար պահանջել:
Դեպքից հետո, մայիսի 11-ին, Առաքելյանների տուն են եկել վրացի իրավապահները եւ ձերբակալել նրան: Վրացի իրավապահների հետ է եղել նաեւ Խաչիկի տանը գիշերած ադրբեջանցիներից մեկը, որը ասել է, որ գերուն պահել են Խաչիկի տանը՝ վերջինի իմացությամբ: Վրացի իրավապահները Խաչիկ Առաքելյանի տնից նաեւ զենք են հայտնաբերել, ավելի ուշ պարզվել է, որ վրացի իրավապահների կողմից ձերբակալված ադրբեջանցին այդ նույն զենքով ավելի վաղ մարդ է սպանած եղել, որը տվել է Խաչիկին՝ պահելու:
Խաչիկի ազգականները հերքում են նրան առաջադրված մեղադրանքները, հայտնում, որ հայ տղամարդու գլխին սարքել են։





























