Վարչապետի հայտարարությունը, թե ով ինչ ուզում է, կարող է ներկրել, վստահություն չի ներշնչում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն` անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրած այն հայտարարությանը, որ վառելիքի, շաքարավազի ոլորտում մենաշնորհներ չկան, ով ուզում է, թող ներկրի:
«Ոչ, հավատ չի ներշնչում: Մակրոտնտեսական ցուցանիշները եւ իրողությունը բացարձակ ուրիշ տեղ են տանում, էս մարդիկ ոնց որ էս աշխարհից չեն: Ցանկացած խանութ, ցանկացած բիզնեսմենի հետ խոսեք` ոնց է զարգանում իր բիզնեսը, թե՛ մաքսայինում, թե՛ հարկայինում: Տնտեսությունը լրիվ ուրիշ բան է ասում: Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ են թվերն այսքան վատ»,-ասաց Արամ Մանուկյանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի` մենաշնորհների, անարդյունավետ ծախսերի դեմ վարչապետի հայտարարությունը նշանակում է պատերազմ իր եւ սեփական թիմի դեմ: «Նույնն է թե պատերազմ ինքն իր դեմ, պատրա՞ստ են գնալ, ոչ: Երկու տարի առաջ Հովիկ Աբրահամյանը հենց այդ դահլիճում նույն խոստումներն էր տարբեր բառերով տալիս, դրանից հետո ովքե՞ր են մտել կառավարություն: Ովքեր չեն ճանաչում մեր երկրի փողատերերին, բիզնես ունեցողներին, արտահանողներին: Էդ մարդիկ կառավարությունում կամ Ազգային ժողովում չե՞ն, ով չի ճանաչում նրանց: Չէ որ գիտենք` ովքեր ինչ են անում, ուրիշները էդ դաշտում իրավունք ունեն մտնելու, թե` չէ»,-ասաց Արամ Մանուկյանը :
Նա վստահեցրեց, որ իշխանությունը չի կտրի այն ճյուղը, որի վրա նստած է: Ըստ Մանուկյանի` սա քարոզչական նպատակով արված հայտարարություն է. «Նպատակը քարոզչական է. վարկեր բերելու, առաջիկա ընտրություններից ելնելով` խոստումներ են տալիս: Եթե ուզում են հավատ ներշնչեն իրենց խոսքերը, թող կոնկրետ գործեր անեն»:





























