Վիեննայից վերադառնալիս լրագրողներին տված հարցազրույցում արած որոշ արտահայտություններով Սերժ Սարգսյանն իր վրայից հանել է երկրի գերագույն գլխավոր հրամանատարի պարտականությունները: Այս մասին այսօր` մայիսի 19-ին, Երեւանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիս-քննարկման ժամանակ  ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը.

«Սերժ Սարգսյանը լրագրողներին ասել է՝ իրեն քննադատողները սրճարաններում նստած քննարկում են, քարտեզ են գծում եւ այլն, թող գնան դիրքերը հետ վերցնեն, հողերն ազատագրեն: Իր ասածի մեջ ճշմարտություն կա` քաղաքացիներն իրենք են առանց իշխանության հրամանի կամավորական հիմունքներով մեկնել ռազմաճակատ: Նախագահը, սակայն, իրավունք չունի նման արտահայտություն անելու, քանի որ Սահմանադրությամբ նա համարվում է գերագույն գլխավոր հրամանատար: Ինքը պետք է հրաման տա` ով, երբ պետք է սահման մեկնի եւ ինչ գործողություն անի ռազմաճակատում: Հիմա ինքն ինքնակամ այդ պարտականությունը վայր է դնում՝ ասելով, թե թող գնան սահման, փոխանակ ասելու՝ արգելում եմ ինքնակամ գնալ սահման: Որեւէ բարձրաստիճան պաշտոնյա անձ իրավունք չունի նմանատիպ արտահայտություն անելու»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգության» փոխնախագահի համար զարմանալի է նաեւ Սարգսյանի այն հայտարարությունը, թե դրանք ընդամենն անվտանգության գոտի են. «Եթե այսպես շարունակվի, ցանկացած տարածք կարող է ոչ ռազմավարական տարածք դառնալ, այդ թվում նաեւ Հայաստանը: Միանշանակ է, որ նմանատիպ մտածողություն եւ հոգեբանություն ունեցող անձնավորությունը իրավունք չունի որեւէ ձեւով կառավարել այս պրոցեսը, քանի որ այժմ լիարժեք հրադադարի հասնել հնարավոր չէ եւ ռազմական գործողությունները կարող են վերսկսվել: Այսպիսի իրավիճակում նման գերագույն գլխավոր հրամանատար չի կարելի ունենալ»:

Արմեն Մարտիրոսյանը համոզված է նաեւ, որ Սարգսյանի հարցազրույցի վերաբերյալ պաշտոնական Ստեփանակերտը պետք է մեկնաբանություն տա, որը սակայն ոչ ոք չի արել: