Վիեննայից վերադառնալու ճանապարհին տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությամբ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը զրկել է սուվերենության իրավունքից: Այս մասին այսօր` մայիսի 19-ին, Երեւանի Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հրավիրած ասուլիս-քննարկմանն ասաց «Նոր Հայաստանի» անդամ Գարեգին Չուքասզյանը:
«Սերժ Սարգսյանն ասել է, որ Մարտակերտի շրջանի տարածքը նույնպես բուֆերային գոտի է: Սա նշանակում է, որ ոչ միայն ազատագրված տարածքները, այլեւ ԼՂՀ ինքնավար տարածքները նույնպես բուֆերային գոտում են հայտնվել եւ դարձել առուծախի առարկա: Եթե մինչեւ հիմա մենք գիտեինք, որ Աղդամը մեր հայրեիքը չէ, որը նույնպես անթույլատրելի պնդում է, այժմ հայտարարում են, որ ԼՂՀ ինքնավար մարզի տարածքն է բուֆերային գոտի: Գիտենք, որ պետության կարեւոր հատկանիշներից է սահմաններ ունենալը, հիմա այս հայտարարությամբ Սերժ Սարգսյանն ասում է, որ հստակ սահմաններ չունի ԼՂՀ-ն եւ զրկում է սուվերենության իրավունքից»,- ասաց Գարեգին Չուքասզյանը:
Գարեգին Չուքասզյանի խոսքով՝ 1994թ. կնքված եռակողմ հրադադարի պայմանագրով, որին որպես երրորդ կողմ մասնակցել է նաեւ Արցախը, հստակ նշված են այդ սահմանագոտու դիրքերը, եւ եթե հրաժավում ենք այդ դիրքերը վերականգնելուց, նոր հրադադարի համաձայնագիր կնքելու մասին է խոսվում. «Այդ պայմանագրով դիրքերն են նաեւ հաստատված: Եթե մենք հրաժարվում ենք մեր դիրքերը վերականգնելուց, փաստորեն նոր հրադադարի մասին ենք խոսում` առանց երրորդ կողմի»:





























