Եգիպտոսի ավիացիայի նախարարությունը չի հաստատում անհետացած EgyptAir ինքնաթիռի բեկորների հայտնաբերումը հունական Կրետե կղզու մոտ, ասված է գերատեսչության հայտարարության մեջ:
Ավելի վաղ մի շարք հեռուստաալիքներ հայտարարել էին, թե EgyptAir-ի անհետացած ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Կրետե կղզուց դեպի հարավ:
«Հունական Կրետե կղզու մոտակայքում EgyprAir-ի ինքնաթիռի բեկորների հայտնաբերման մասին որոշ արբանյակային հեռուստաալիքների տարածած տեղեկությունների վերաբերյալ:
EgyptAir-ը կապվել է իրավասու ծառայությունների հետ, նրանք չեն հաստատել հրապարակվող տեղեկատվության հավաստիությունը», — ասված է հայտարարության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
EgyptAir ավիաընկերության ուղեւորատար ինքնաթիռը, որը Փարիզից Կահիրե էր թռչում MS804 չվերթով, ռադարներից կորել է հինգշաբթի վաղ առավոտյան Միջերկրական ծովի վրա, Եգիպտոսի օդային տարածքում: Ինքնաթիռում 66 ուղեւոր եւ անձնակազմի անդամ է եղել:




























