Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ 1994 թվականին կնքված զինադադարի, ինչպես նաեւ վեճերի խաղաղ լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի նորմերի ամենակոպիտ խախտումն է։ Այդ մասին ասվում է Չիլիի Պատգամավորների պալատի ընդունած բանաձեւում։

«Ս.թ. ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի կապակցությամբ բանաձեւ է ընդունել Չիլիի Պատգամավորների պալատը:

Բանաձեւի տեքստում մասնավորապես ասվում է. 
«Ապրիլի 1-2-ի գիշերը Ադրբեջանի օդային եւ ցամաքային ուժերը լայնամասշտաբ հարձակում իրականացրին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանագծում` ծանր հրետանու եւ վերջին սերնդի հրթիռների կիրառմամբ:

Վերոնշյալ ագրեսիան 1994 թվականին կնքված զինադադարի, ինչպես նաեւ վեճերի խաղաղ լուծման վերաբերյալ ՄԱԿ-ի նորմերի ամենակոպիտ խախտումն է:

Բռնության այս նոր սրման կապակցությամբ, որր հանգեցրել է քաղաքացիական եւ զինվորական մեծ կորուստների, Պատգամավորների պալատը դատապարտում է այս ագրեսիան, կոչ անում ռազմական գործողությունների դադարեցման եւ խաղաղ բանակցությունների շարունակության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ֆրանսիան:

Միջազգային հանրությունը եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը համարում են, որ հակամարտությունը, որն արդեն ավելի քան երկու տասնամյակ շարունակվում է, պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, ինչպես նաեւ միջազգային իրավունքի նորմերի եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հարգման միջոցով:

Կոչ է անում Ադրբեջանի Հանրապետությանը վերահաստատել խաղաղության իր հանձնառությունը, անմիջապես դադարեցնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ պատերազմական գործողությունները եւ խստորեն պահպանել 1994 թվականին կողմերի միջեւ ձեռք բերված զինադադարը:

Կոչ է անում Չիլիի կառավարությանը կողմերին հորդորել հավատարիմ մնալ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ընթացող բանակցություններին եւ այդպիսով խուսափել տարածաշրջանում անդառնալի հետեւանքների հանգեցնող պատերազմի բռնկումից»,- ասվում է բանաձեւում: