«Ոսկե Ծիրան»-ը տարիներ շարունակ համագործակցում է Ռիգայում կազմակերպվող «Արսենալս» կինոփառատոնի հետ: Այս տարի «Արսենալսը», որի հիմնադիրներից է նաեւ Սուրեն Բաբայանը, նշում էր իր 20-ամյակը:

Այս տարի` սեպտեմբերի 20-24-ը փառատոնի շրջանակներում առաջին անգամ կայացել է «Ռիգա վիրուս» դասընթացների ծրագիրը երիտասարդ կինոգործիչների համար, որի համար օրինակ է ծառայել երեւանյան փառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» համագործակցության ֆորումը: Հայաստանից ընտրվել էին 3 կինոնախագծեր, որոնց հեղինակները` Արեգ Ազատյան, Շողեր Թադեւոսյան, Դավիթ Մաթեւոսյան, Մարիամ Օհանյան, Աստղիկ Սիմոնյան եւ Անահիտ Օրդյան, հրավիրվել էին Ռիգա: Ծրագրին մասնակցում էր «Ոսկե Ծիրանի» գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանը, որը «Ռիգա վիրուս»-ի հայկական կողմից համակարգողն է:

«Ռիգա վիրուս»-ի շրջանակներում կինոսցենարի զարգացման եւ ֆիլմարտադրության մարկետինգի թեմաներով դասընթացները վարում էին եվրոպացի մասնագետները: Ծրագրին մասնակցում էին երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից եւ Բալթյան երեք երկրներից, որոնք դասընթացների վերջին օրը ներկայացրեցին իրենց կինոնախագծերը:

Այսպիսով, «Ռիգա վիրուս»-ը նպատակ ունի դառնալ Կովկասի եւ Բալթյան երկրների միջեւ կինոյի ոլորտում համագործակցության յուրահատուկ վայր:

«Արսենալս 2010»-ի շրջանակներում ներկայացվեց Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմը: