Այսօր` հոկտեմբերի 1-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Հայաստանի որակի ենթակառուցվածքի բարեփոխման ռազմավարությանը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների ներկայացուցիչներ եւ գործարարներ:

Ռազմավարությունը ներառում է ստանդարտացման, չափագիտության, հավատարմագրման, սերտիֆիկացման, փորձարկման եւ մի շարք այլ ոլորտներ։ Բարեփոխման նպատակն է հիշյալ ոլորտները համապատասխանեցնել միջազգային չափանիշներին եւ ապահովել արտահանման ընդլայնումը միջազգային շուկայում:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է մեկշաբաթյա ժամկետում մշակել եւ քննարկման ներկայացնել ռազմավարության իրականացման միջոցառումների ժամանակացույցը: