Հայաստանի մշակույթի նախարարությունը եւ Ազգային ժողովի «Բաց դռներ» մշակութային հիմնադրամը անցկացնում են ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոն, որը նվիրվում է հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթ-փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2009 թվականին, կրկին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո:
Մրցույթ-փառատոնն անցկացվում է երեք փուլով, երկու տարիքային խմբով, այն կեզրափակվի Երեւանում: Փառատոնը հյուրընկալվելու է նաեւ Ջավախքում:
Հայաստանի մարզերի, Ջավախքի եւ Արցախի դպրոցների 11-17 տարեկան հազարավոր դպրոցականներ արդեն մասնակցել են փառատոնի առաջին փուլին: Հոկտեմբերի 1-ին Սեւանում մեկնարկել է փառատոնի երկրորդ` մարզային փուլը, որին ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ Հրանտ Մադաթյանը եւ Տաճատ Վարդապետյանը:
ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Կարո Վարդանյանը շատ կարեւոր է համարել Վահան Տերյան բանաստեղծի գնահատումը նաեւ պետական բարձր շրջանակների կողմից, եւ դրա վառ վկայությունն անցկացվող այս փառատոնն է:
Գեղարքունիքի մարզի դպրոցների շուրջ 30 աշակերտներ արտասանել են Վահան Տերյանի ստեղծագործություններից:
Մրցույթ- փառատոնի ավարտին ժյուրին որոշել է 6 հաղթողներին, որոնք կմասնակցեն փառատոնի` Երեւանում անցկացվելիք եզրափակիչ փուլին:




























