Հոկտեմբերի 1-ին Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ  Գրիգորյանը հանդիպել է Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ պարոն Յան Կովաչիկին ` կապված Հայաստանի եւ Սլովակիայի հավաքականների առաջիկա խաղի նախապատրաստական աշխատանքների հետ: Առանձնազրույցի ժամանակ խոսվել է հայկական եւ սլովակյան ֆուտբոլների անցյալի եւ այսօրվա մակարդակների շուրջ: Պարոն Կովաչիկը նշել է, որ սլովակյան ֆուտբոլի լավագույն տարիները տառացիորեն համընկնում են անցյալում հայկականի հետ եւ դրանք անկասկած անցյալ դարի 70-80-ականներն էին: Այսօր սլովակյան ֆուտբոլն երկրորդ թռիչքն է ապրում, եւ Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիան անելու է ամեն ինչ, այդ վերընթացի երկարատեւությունն ապահովելու համար:

Ըստ պարոն Կովաչիկի հայկական ֆուտբոլն նույնպես ունի խոստումնալից ապագա, սակայն կարիք կա  մեկ երկու առաջնակարգ համաշխարհային ֆուտբոլիստների «ազգայնացման»: Խոսքը բարձր մակարդակի երկու օտարազգի ֆուտբոլիստների հայկական ֆուտբոլ ներգրավելու եւ քաղաքացիություն շնորհելու միջոցով` նրանց ազգային հավաքականում ապահովելու մասին է: Այս ճանապարհով ընթացել եւ ընթանում են Եվրոպայում հաջողության հասած բոլոր ազգային հավաքականները:

Գրիգորյանը եւ Կովաչիկը պայմանավորվել են Հայաստանի հետ կապերի զարգացման շուրջ` ներառյալ ֆուտբոլիստների փոխանակման ու ֆինանսական ներդրումներ անելու ծրագրերը: Պարոն Կովաչիկը հայտնել է, որ հոկտեմբերի 8-ին Սլովակիայի հավաքականն անելու է ամեն ինչ հայ ֆուտբոլասերների առաջ փայլուն խաղ ցուցադրելու համար եւ հավատացած է, որ Հայաստանի հավաքականի հետ խաղը դժվարիններից մեկն է լինելու: