Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 1-ին, ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) տնօրենների խորհրդի անդամներին պատվիրակության ղեկավար Աշոկ Կումար Լահիրիի գլխավորությամբ։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը գոհունակություն է հայտնել ՀՀ կառավարության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ծավալված արդյունավետ համագործակցության վերաբերյալ ու կարեւորել դրա շարունակականության ապահովումը։
Անդրադառնալով համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքներին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ՀՀ կառավարության հակաճգնաժամային ծրագրով իրականացված միջոցառումները։
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։ Այդ համատեքստում կառավարության ղեկավարն ընդգծել է գիտելիքահենք տնտեսության ձեւավորման, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ կրթական համակարգի բարեփոխումների իրականացման գործում ԱԶԲ-ի ներգրավվածության կարեւորությունը։ Առաջնային է համարվել նաեւ մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը։
Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար եւ բարձր գնահատել ՀՀ կառավարության ու ԱԶԲ-ի միջեւ համագործակցության մակարդակը։




























