Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանին` ծննդյան 75-ամյակի առթիվ:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են Նախագահի մամլո ծառայությունից, Սերժ Սարգսյանն սրտանց շնորհավորել է Ջիգարխանյանին եւ մաղթել երկար տարիների կյանք:
«Բեմեր ու դահլիճներ նվաճելու Ձեր բացառիկ տաղանդով, անձնական անսահման հմայքով, անսպառ աշխատունակությամբ ու աշխատասիրությամբ ավելի քան հինգ տասնամյակ Դուք բարության ու իմաստնության սերմեր եք ցանում թատրոնի և կինոարվեստի անդաստանում, վայելում համաժողովրդական սեր ու համակրանք: Ամուր կապված լինելով ազգային արմատներին` Դուք ծառայում եք համամարդկային արժեքներին և ժամանակակից կինոյի ամենաակնառու դեմքերից մեկն եք:
Ձեր արգասաբեր ստեղծագործական կյանքն արվեստի նվիրյալի վառ օրինակ է և ուղենիշ երիտասարդ արվեստագետների համար: Մենք հպարտ ենք և ավելի ուժեղ Ձեզանով:»,- ասվում է ուղերձում։
Կրկին շնորհավորում եմ և մաղթում արևշատություն և նորանոր ստեղծագործական հաջողությունների բերկրանք”:
Հանրապետության ղեկավարի հրամանագրով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Արմեն Ջիգարխանյանը պարգեւատրվել է Պատվո շքանշանով:




























