Թուրքական լրատվամիջոցների հրապարակումները հերթական քարոզչական միջոցներ են, ոչ ավելին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով դեկտեմբերի 1-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի վերաբերյալ թուրքական պարբերականների վերջին հրապարակումները։

Նրա խոսքով, հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ թուրքերի հավաստիացումները դատարկ են եւ ոչ մի հիմք չեն պարունակում։ «Նրանք կրկին փորձում են ցույց տալ, որ այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր են ձեռնարկում, շահագրգռվածություն են ձեւացնում, ոչ ավելին»,- նշեց նա։

Հարցին, թե ի՞նչ սպասելիքներ պետք է ունենալ սպասվելիք միջոցառումից եւ հնարավո՞ր է, արդյոք, հայ-թուրքական գործընթացում տեղաշարժ գրանցվի մեռյալ կետից, Մանոյանը պատասխանեց, որ մինչեւ Թուրքիայում կայանալիք ընտրություններն իրական փոփոխություններ չեն կարող լինել։ «Թուրքերն էլ չեն ուզում դա։ Ներկայիս վիճակը Հայաստանի վրա ազդելու լծակներ է տալիս նրանց, Թուրքիան մասնակցում է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը։ Թուրքիան ստացել է իր ուզածի 80 տոկոսը՝ իր վրա չվերցնելով ոչ մի պարտավորություն։ Իսկ Հայաստանը չստացավ ոչինչ, միայն կորցրեց»,- ասաց Մանոյանը:

Նշենք, որ թուրքական Sabah-ը գրել էր, թե դեկտեմբերի 1-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովը մեծ կարեւորություն ունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ «Եթե հաստատվի գագաթաժողովին Հայաստանի նախագահի մասնակցությունը, հայ-թուրքական  հարաբերությունները կդրվեն նոր մակարդակի վրա»,- գրել էր պարբերականը։

Իսկ ահա Hurriyet-ը, վկայակոչելով գաղտնի աղբյուրները,  հավաստիացրել էր, որ Շվեյցարիայի ԱԳՆ պատասխանատու դեմքերն օրերս հեռախոսազրույցներ են ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի իրենց գործընկերների հետ՝ փորձելով զգալ հայ-թուրքական գործընթացի վերաբերյալ նրանց տրամադրությունները։ 

Զանգերի եւ հեռախոսազրույցների վերաբերյալ Կիրո Մանոյանն ասաց. «Սուտ է»: