Հունիսի 10-ին ոսկու գինը բացասական դինամիկա է ցույց տվել, քանի որ ներդրողների մեծամասնությունը ֆիքսում է ոսկու արժեքի աճից մինչ այդ ստացած եկամուտները, այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոսկու օգոստոսյան ֆյուչերսի գինը Նյու Յորքի բորսայում նվազել է 2.9 դոլարով, կամ 0.23 տոկոսով՝ հասնելով 1269.8 դոլարի տրոյական ունցիայի համար: Արծաթի հուլիսյան ֆյուչերսի գինը բարձրացել է 0.01 տոկոսով՝ հասնելով 17.27 դոլարի մեկ ունցիայի համար:

Դրանից ընդամենը մեկ օր առաջ ոսկու գինը ակտիվ աճում էր՝ ԱՄՆ-ում տոկոսադրույքի բարձրացման հետաձգման ու անվտանգ ակտիվների պահանջարկի ավելացման ակնկալիքների ֆոնին: Հուսալի ակտիվների պահանջարկի աճն էլ իր հերթին պայմանավորված է մեծամասամբ ԱՄՆ Դաշնային ռեզերվային ծառայության բազային տոկոսադրույքի բարձրացման ժամկետների անորոշությամբ: Այս հարցի շուրջ անորոշության աճի պատճառը երկրի աշխատանքային շուկայի վերաբերյալ մայիսյան թույլ տվյալներն են, նաեւ դրան հաջորդած զգուշավոր մեկնաբանությունները ԴՌԾ ղեկավար Ջանեթ Ելենի կողմից:

Մեծ Բրիտանիայում հունիսի 23-ին ծրագրվող հանրաքվեն՝ ԵՄ-ին երկրի անդամակցության ճակատագրի վերաբերյալ, նույնպես ներդրողների համար ռիսկի հերթական գործոնն է դարձել: Ըստ հարցումների Brexit–ի ( ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու) կողմնակիցների ու հակառակորդների քանակը գրեթե հավասար է:

Շատ վերլուծաբաններ կարծում են, որ ոսկու գինն այնուամենայնիվ կշարունակի ամրապնդվել: Դենիել Հեյնզը Սիդնեյի ANZ–ից, համարում է, որ հավանական Brexit –ը կարող է ոսկու գները բարձրացնել տրոյական ունցիայի համար 1400 դոլարի, գրում է «Ռոյթեր» գործակալությունը: