Աբխազիան հետաքրքրված է իր տարածքով Ռուսաստանից Վրաստան եւ Հայաստան երկաթուղային հաղորդակցության վերականգնմամբ, «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտնել է Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան: 

«Ուզում եմ ասել, որ մենք հետաքրքրությամբ ենք վերաբերվում այդ հարցին: Տնտեսական  տեսանկյունից պետք է հաշվարկել: Իմ կարծիքով դա շահավետ է: Սակայն Վրաստանը ընդդիմանում է դրան, ասում է, որ մեզ հետ պայմանագիր չի կնքի` համարելով, որ մենք պետք է Վրաստանի կազմում լինենք:  Այսինքն հարցը քաղաքական բնույթ է կրում: Իսկ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է այն դիտարկել տնտեսության եւ առողջ բանականության տեսանկյունից», — ասել է նա:

Անդրկովկասյան երկաթգծի միջանցիկ շարժումը աբխազական հատվածով դադարեցվել է 1992-1993 թվականներին վրաց-աբխազական զինված հակամարտության հետեւանքով: Ռուսաստանի ներկայացուցիչները հետագայում հայտարարել են, որ դեմ չեն Սուխումի-Թբիլիսի-Երեւան ուղղությամբ երկաթուղային տարանցման վերականգնմանը: Մոսկվայի կարծիքով, նման նախագծերի իրականացումը կնպաստի շահագրգիռ կողմերի միջեւ հարաբերությունների զարգացման պայմաններ ստեղծելուն: