Եվրամիության երկրների արդարադատության եւ ներքին գործերի նախարարները հունիսի 10-ին Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ Խորհրդի նիստում չեն կարողացել համաձայնություն ձեռք բերել Վրաստանի, Ուկրաինայի, Կոսովոյի եւ Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չեղարկելու հարցում:

«Մենք խոսեցինք վիզային ռեժիմի ազատականացման մասին՝ նշելով բոլոր առաջարկների հարցում ձեռք բերված առաջընթացը, ներառյալ՝ Թուրքիայի կողմից: Բայց մենք առայժմ որոշում չկայացրեցինք, քանի որ ԵՄ անդամ որոշ պետություններ դեռ մի շարք խնդիրներ են տեսնում, որոնք թույլ չեն տալիս համաձայնություն տալ այդ հարցում»,- նիստից հետո կայացած ասուլիսում հայտարարել է Նիդեռլանդների անվտանգության եւ արդարադատության հարցերի պետքարտուղար Կլաաս Դեյքհոֆը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, նա հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցին, թե կոնկրետ որ պետություններն են դեմ վիզային ռեժիմի չեղարկմանը եւ ինչ փաստարկներ են ներկայացնում: Սակայն լրատվամիջոցների ներկայացուցիչներն այդ որոշման գլխավոր հակառակորդներն են համարում Գերմանիային, Իտալիային եւ Ֆրանսիային: