Բրազիլիայի նախագահի պաշտոնից ժամանակավորապես հեռացված Դիլմա Ռուսեֆի աջակցության հանրահավաքներ են անցել երկրի տասնյակ շրջաններում: Globo հեռուստաալիքը հայտնել է, որ նախօրեին արհմիություններն ու հասարակական շարժումները կազմակերպել են ակցիաներ հանրապետության 26 նահանգներից 24-ում ու մայրաքաղաքի դաշնային օկրուգում:
Ամենամարդաշատ հանրահավաքը Սան Պաուլու քաղաքում էր: Հավաքվածների առջեւ ելույթ է ունեցել Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան, որը համարվում է Ռուսեֆի քաղաքական «կնքահայրը»:
Ռիո դե Ժանեյրոյում ցուցարարները կազմակերպել էին Ռուսեֆի աջակցության երթ: Նրանք պահանջում էին հեռացնել պաշտոնից Բրազիլիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Միշել Թեմերին: Ֆորտալեզա ու Պալմաս բնակավայրերում բարբարոսություններ են կատարվել Globo-ի հետ համագործակցող հեռուստաընկերությունների գրասենյակների նկատմամբ՝ Ռուսեֆի կողմնակիցները այդ լրատվամիջոցներին մեղադրում են իմփիչմենթի գործընթացի կողմնապահ լուսաբանման մեջ:
Մայիսի 12-ին Բրազիլիայի խորհրդարանի վերին պալատը ընդունել է Ռուսեֆի իմփիչմենթի ընթացակարգը սկսելու առաջարկը: Դրա հետեւանքով նա ժամանակավորապես հեռացվել է պաշտոնից ու նրա պարտականություններն անցել են փոխնախագահ Թեմերին:
180 օր ժամկետում սենատորները պետք է ուսումնասիրեն Ռուսեֆի դեմ առաջադրված մեղադրանքները:Եթե վերջնական քվեարկության ժամանակ Վերին պալատի անդամները համաձայնեն այդ մեղադրանքներին, Ռուսեֆին կհեռացնեն պաշտոնից, իսկ Թեմերը կմնա պետության ղեկավար մինչեւ 2018-ի ընտրությունները: Հակառակ դեպքում նա կվերադառնա իր պարտականությունների կատարմանը: Նախագահին պաշտոնից վերջնականապես հեռացնելու համար անհրաժեշտ է, որ համապատասխան նախաձեռնությանն աջակցի սենատորների առնվազն երկու երրորդը:





























