Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը համարում է, որ Ակտոբայում հարձակում իրականացնողները ուզում էին Ղազախստանին հակամարտությունների ու ահաբեկչության անդունդը գցել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դուք գիտեք, որ մի քանի օր առաջ մենք Ակտոբա քաղաքում առաջին անգամ բախվեցինք զանգվածային ահաբեկչական հարձակման, սեփական ժողովրդի դեմ այդ հանցագործությունը, այդ ահաբեկչական գործողությունը կատարել են նրանք, ովքեր ուզում էին երկիրը գցել հակամարտությունների ու ահաբեկչության անդունդը»,- ասել է նախագահը Աստանայում Nazarbayev University –ի շրջանավարտներին դիպլոմներ հանձնելու արարողության ժամանակ:
Նա նշել է, որ Ղազախստանը շարունակում է իր բարեփոխումները ու կկատարի երկրի որդեգրած բոլոր ռազմավարությունները:
«Խաղաղություն, հանգստություն, անվտանգություն՝ սրանք են անկախ Ղազախստանի գլխավոր արժեքները, եթե չլինեն դրանք, չի լինի նաեւ մեր երկրի ապագան»,- ասել է Նազարբաեւը:
Մի խումբ անհայտ անձինք հունիսի 5-ին Ակտոբայում զինված հարձակում էին իրականացրել զենքի երկու խանութների ու զորամասի վրա: Քաղաքում հայտարարվել է հակաահաբեկչական գործողության ռեժիմ: Այսօրվա դրությամբ ոչնչացված են 18 ահաբեկիչներ: Հարձակումների հետեւանքով յոթ մարդ է սպանվել, նրանցից երեքը՝ զինծառայող: Մինչ այդ Ղազախստանի նախագահը հայտնել էր, որ ահաբեկչության մեջ կասկածվողներից մի քանիսը հետախուզման մեջ են մնում:





























