ԵՄ-ի ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը վերջին տարիներին 10-ից նվազել է մինչեւ 6 տոկոս, միաժամանակ Բրյուսելը ցանկանում է պահպանել մուտքը ռուսաստանյան շուկա, հայտնել է Մոսկվայում Եվրամիության դեսպան Միգաուդաս Ուշացկասը կալինինգրադյան Pregel.me պորտալին տված հարցազրույցում:
Նա նշել է, որ Կալինինգրադից Հեռավոր Արեւելք բազմաթիվ ուղեւորությունների ընթացքում ինքը հանդիպել է ռուսաստանյան բիզնեսի ներկայացուցիչների եւ «ռուսաստանցի գործարարների բացարձակ մեծամասնությունը կարծում է եւ շարունակում է կարծել, որ Եվրամիությունը Ռուսաստանի հիմնական տնտեսական գործընկերն է»:
Դիվանագետի խոսքով, դա փաստերով է հաստատվում. Ռուսաստանյան ապրանքաշրջանառության 46 տոկոսը բաժին է ընկնում Եվրամիությանը, օտարերկրյա ներդրումների 75 տոկոսը Ռուսաստան է հասնում Եվրամիությունից, ռուսաստանյան ածխաջրածինների 70 տոկոսը վաճառվում է Եվրամիության շուկայում:
«Այնպես որ, ԵՄ-ից Ռուսաստանի կախվածությունը լիովին ակնհայտ է, ինչպես եւ մեր ցանկությունը` պահպանելու մեր դիրքերը ռուսաստանյան շուկայում, որը 140 մլն բնակիչ եւ սպառող ունի: Մենք ուզում ենք պահպանել մուտքը ձեր շուկա: Չնայած ստիպված ենք ընդունել, որ վերջին տարիներին ԵՄ-ի ապրանքաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը նվազել է 10 տոկոսից մինչեւ 6 տոկոս», — ասել է Ուշացկասը:
Ուշացկասի խոսքով, նա արդեն երեք տարի ԵՄ-ի դեսպանն է Ռուսաստանում եւ այդ պաշտոնում կաշխատի եւս մեկ տարի:
«Հավանաբար, ցավոք սրտի, այդ չորս տարին իմ կենսագրության եւ ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների պատմության մեջ կմնան որպես ճգնաժամերի կարգավորման ժամանակաշրջան: Ես պատմության մեջ կմտնեմ որպես «ճգնաժամային դեսպան», «ճգնաժամերի դեսպան»: Ես հենց այս տեսանկյունից եմ կառուցում իմ աշխատանքը` հասկանալով տարաձայնությունների ծավալը եւ գիտակցելով, որ մենք պետք է պահպանենք շփման եւ համագործակցության կամուրջներն այնտեղ, որտեղ դա հնարավոր է: Տարաձայնություններն ի հայտ են գալիս եւ անհետանում են: Մինչդեռ դիվանագետի աշխատանքն է պահպանել լավագույնը, որ կա մեր միջեւ», — հավելել է նա:
Եվրամիության երկրները նախատեսում են պատժամիջոցների երկարաձգման հարցը քննարկել հունիսի 28-29-ի գագաթնաժողովին:





























