Իսլամական «ԱՇ Շաբաբ» խմբավորման գրոհայինները հայտնել են, որ մահապատժի են ենթարկել այն լրտեսներին, որոնք աշխատում էն այլ պետությունների ու ԿՀՎ-ի համար:
Հրապարակային մահապատժի ականատեսներից մեկը «Ռոյթեր» գործակալությանը հայտնել է, որ գրոհայինները տեղի բնակիչներին հավաքել են իրենց ճամբարի մոտ: «Մենք կարծում էինք, թե դասախոսություն է լինելու, բայց մենք ականատես եղանք, թե ինչպես են երեք մարդու կրակելով սպանում, իսկ մեկին էլ հենց մեր աչքի առաջ գլխատեցին»,- ասել է տեղի բնակիչներից մեկը:
Հայտնի է, որ սպանվածներից մեկը 26-ամյա Մոհամեդ Ադեն Նուրն է, որին մեղադրել են ԿՀՎ-ի համար աշխատելու ու խմբավորման նախկին առաջնորդի սպանությանը աջակցելու մեջ, որին 2014-ին ԱՄՆ անօդաչուն էր ոչնչացրել: Մյուսն էլ 27-ամյա Մուհադին Հիրադ Ահմեդն է, որին նույնպես մեղադրել են ԿՀՎ-ի ու Քենիայի համար լրտեսությունների մեջ եւ գրոհայինների մեկ այլ հրամանատարի ոչնչացմանը աջակցելու մեջ, որը զոհվել էր 2015-ին ամերիկյան անօդաչու սարքի հարվածից:
Սոմալիում գործում է «Աշ Շաբաբ» իսլամական արմատական խմբավորումը, որը սերտ կապեր ունի «Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական կազմակերպության հեը: «Աշ Շաբաբը» զինված պայքար է մղում երկրի կենտրոնական կառավարության դեմ ու խոչընդոտում ՄԱԿ-ի մարդասիրական գործունեությանը: Խմբավորումը 2008-ին ԱՄՆ –ում ընդգրկվել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում:
Սոմալիի հանրապետությունը դադարել է գոյություն ունենալ որպես միասնական պետություն 1991-ին, երբ տապալվեց Սիադ Բարրեի բռնապետական վարչակարգը: Միջազգային համայնքի կողմից ճանաչված միակ օրինական իշխանությունը երկրում դաշնային կառավարությունն է, որը վերահսկում է Մոգադիշո մայրաքաղաքը ու մի շարք մերձակա շրջաններ: Սոմալիի մնացած մասերը գտնվում են չճանաչված պետական միավորումների վերահսկողության տակ ու ինքնակառավարվող տարածքներ են: Որոշ տարածքներում էլ կառավարումը արմատական իսլամական շարժումների ձեռքին է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:





























