Նիգերիայում պաշտոնանկ են արել զինված ուժերի բարձրաստիճան սպաների, որոնց մեղադրում են կոռուպցիայի եւ միլիարդավոր դոլարներ գողանալու մեջ, որոնք նախատեսված էին «Բոկո Հարամ»-ի զինյալների դեմ պայքարելու նպատակով սպառազինություն գնելու համար: Այս մասին գրում է AP-ն՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներին:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ԶՈՒ գնդապետ Սանի Կուկեշեկա Ուսմանը հայտարարել է, որ պաշտոնանկ արվածների թվում կան գեներալ-մայորներ, բրիգադային գեներալներ, գնդապետներ:

Նիգերիայի կառավարությունն ակտիվ հակակոռուցիան քաղաքականություն է վարում անցյալ տարի ընտրված նախագահ Մուհամմադ Բուխարիի կարգադրությամբ: Բացի այդ, 2011-2015 թվականների ընթացքում զինվորական պայմանագրերի աուդիտ է անցկացվում: Մարտի վերջին իշխանությունները կոռուպցիայի մեջ մեղադրեցին շուրջ 300 ընկերությունների եւ անհատների, որոնք պաշտպանության ոլորտում հափշտակության մասնակից են:

«Բոկո Հարամ»-ը Նիգերիայի տարածքում գործող ծայրահեղական իսլամական խմբավորում է, որի զինյալները դեմ են կրթության արեւմտյան մոդելին եւ ցանկանում են ամբողջ երկրում շարիաթ հաստատել: Խմբավորումը բազմաթիվ ահաբեկչությունների հետեւում է կանգնած: