Մուհամեդ Ալիի թաղմանը մասնակցելու համար ԱՄՆ մեկնած սակայն առանց թաղմանը մասնակցելու Թուրքիա վերադարձած նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը ԱՄՆ–ում ցանկացել է Մուհամեդ Ալիի ընտանիքին հանձնել Թուրքիայից իր հետ բերած նվերները, սակայն այդ նվերները մնացել են Էրդողանի ձեռքում։ Էրդողանը նվերները ընտանիքի անդամներից մեկին հանձնելու համար գնացել է լեգենդար բռնցքամարտիկի պատվին ստեղծված թանգարան, սակայն այնտեղ նրան ոչ–ոք չի մոտեցել եւ Էրդողանը գլխիկոր հեռացել է։

Նշենք, Թուրքիայի նախագահը ցանկացել էր ելույթ ունենալ Մուհամեդ Ալիի թաղման արարողությանը, սակայն Ալիի ընտանիքը մերժել էր:  Էրդողանը ցանկացել է Քաբբայից բերված սուրբ կտորի հատված դնել Ալիի դագաղի վրա, սակայն ընտանիքի անդամները դա էլ են մերժել։ Էրդողանը խնդրել էր, որ թաղմանը Թուրքիայի կրոնական գործերի կառավարիչը Ղուրան կարդա, սակայն այս պահանջը եւս մերժվել է, ինչից վիրավորված Էրդողանը առանց թաղմանը մասնակցելու վերադարձել էր Թուրքիա։