Ղազախստանի իշխանությունները հաղորդել են, թե ինչ նպատակ էին հետապնդում Ակտոբեում ահաբեկչություն իրականացնողները:
Երկրի Ազգային անվտանգության կոմիտեի ղեկավարի տեղակալ Նուրղալի Բիլիբեկովն Ակտոբեում կայացած ճեպազրույցում նշել է, որ հունիսի 5-ին քաղաքի զենքի խանութների եւ զորամասի վրա հարձակվողները մտադիր էին նաեւ հարձակում իրականացնել ուղղիչ հաստատության եւ պետական մի քանի հաստատությունների շենքերի վրա: Սակայն իրավապահների եւ հատուկ նշանակության մարմինների արագ արձագանքի շնորհիվ հաջողվել է կանխել դա:
Բիլիսբեկովը տեղեկացրել է, որ հակաահաբեկչական գործողության ընթացքում 18 հանցագործ է ոչնչացվել, 9-ը՝ ձերբակալվել: «Ձերբակալվածներն իրենց հանցավոր գործունեությունը մերկացնող ցուցմունքներ են տալիս»,- նշել է պաշտոնյան:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, ահաբեկիչների իրականացրած հանցագործությունների փաստով հարուցված 25 քրեական գործերը միավորվել են մեկ վարույթում:




























