Շանհայի «Պուդուն» միջազգային օդանավակայանում պայթյունն իրականացրած տղամարդը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում էր ինքնասպան լինել: Այս մասին ասված է քաղաքի ոստիկանության՝ Weibo սոցցանցի էջում:
Պայթյունն օդանավակայանում որոտացել է տեղական ժամանակով 14:42-ին: Ոստիկանության տվյալներով, տղամարդն ինքնաշեն պայթուցիկ սարք է պատրաստել՝ այն տեղադրելով գարեջրի շշի մեջ: Գրանցման կետում սարքը պայթել է, ինչից հետո տղամարդը դանակ է հանել եւ պարանոցի շրջանում վիրավորել իրեն: Ինքնասպանության փորձ կատարողի վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, պայթյունի հետեւանքով եւս 4 մարդ է տուժել, այդ թվում՝ Ֆիլիպինների քաղաքացի: Ոստիկանությունը հետաքննում է դեպքի հանգամանքները:




























